
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է արել Թաիլանդին և Կամբոջային զսպվածություն ցուցաբերել

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է արել Թաիլանդին և Կամբոջային «ցուցաբերել առավելագույն զսպվածություն»՝ հաշվի առնելով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրությունները։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորապես մտահոգված է Թաիլանդ-Կամբոջա սահմանի երկայնքով աճող բռնությամբ, որը հանգեցրել է քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների շրջանում զոհերի, ինչպես նաև տուժած տարածքներում հարյուրավոր դպրոցների ժամանակավոր փակման»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է արել բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և պաշտպանել երեխաներին՝ համաձայն միջազգային իրավունքի։
«Երեխաները մշտապես պետք է պաշտպանված լինեն, և նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը պետք է առաջնահերթ լինի, իսկ դպրոցները պետք է մնան ուսուցման համար անվտանգ տարածքներ»,- ասվում է հայտարարության մեջ։
Երկու երկրների միջև զինված բախումներ են սկսվել հուլիսի 24-ին։ Թաիլանդական F-16 կործանիչը հարվածներ է հասցրել Կամբոջայում մի շարք թիրախների։ Երկիրը փակել է Կամբոջայի հետ բոլոր սահմանային անցակետերը։Թաիլանդի բանակը հայտնել է 11 քաղաքացիական զոհի մասին։ Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին «հրատապ նիստ» հրավիրելու կոչով՝ կապված Թաիլանդի հետ սահմանին սկսված զինված բախումների հետ։