
Կամբոջայի վարչապետը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հրատապ նիստ հրավիրելու կոչով

Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին «հրատապ նիստ» հրավիրելու կոչով՝ կապված Թաիլանդի հետ սահմանին սկսված զինված բախումների հետ։
Անվտանգության խորհրդի նախագահ Ասիմ Իֆթիքհար Ահմադին ուղղված նամակում մասնավորապես ասվում է․ «Հաշվի առնելով վերջին կոպիտ ագրեսիան Թաիլանդի կողմից, որը լրջորեն սպառնալիք է դարձել տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը, ես խնդրում եմ ձեզ հրատապ հանդիպում հրավիրել Անվտանգության խորհրդում՝ դադարեցնելու Թաիլանդի ագրեսիան»։
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, նամակում Կամբոջայի վարչապետը մեղադրել է Թաիլանդին «չսանձազերծված, նախապես ծրագրած և կանխամտածված հարձակումներ իրականացնելու» մեջ Կամբոջայի հետ սահմանի տարբեր ուղղություններով։
Երկու երկրների միջև զինված բախումներ են սկսվել հուլիսի 24-ին։ Թաիլանդական F-16 կործանիչը հարվածներ է հասցրել Կամբոջայում մի շարք թիրախների։ Երկիրը փակել է Կամբոջայի հետ բոլոր սահմանային անցակետերը։Թաիլանդի բանակը հայտնել է 9 քաղաքացիական զոհի և 14 վիրավորի մասին։ Կամբոջայի և Թաիլանդի միջև վեճն ավելի քան հարյուր տարվա պատմություն ունի և սկսվել է այն պահից, ինչ երկու երկրների միջև ֆրանսիական օկուպացիայից հետո գծվել են սահմանները։
Իրավիճակը լարվել էր 2008 թվականին, երբ Կամբոջան փորձեց վիճարկելի տարածքում գտնվող 11-րդ դարի տաճարը գրանցել որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր։ Այս քայլը լուրջ դիմադրության արժանացավ Թաիլանդի կողմից։
Տարիների ընթացքում կողմերի միջև ժամանակ առ ժամանակ վերսկսված բախումները զոհերի պատճառ են դարձել երկու կողմերում էլ։ Վերջին երկու ամսում երկրները սահմանային սահմանափակումներ էին սահմանել մեկը մյուսի համար։ Կամբոջան արգելել էր Թաիլանդից այնպիսի ապրանքների ներմուծումը, ինչպիսիք են մրգերն ու բանջարեղենները, ինչպես նաև դադարեցրել էր էլեկտրաէներգիայի և համացանցի ծառայությունների ներմուծումը։ Վերջին շաբաթներին երկու երկրներն ուժեղացրել էին զինված ներկայությունը սահմաններին։