Բաժիններ՝

Իսրայելը ստացել է ՀԱՄԱՍ-ի պատասխանը Գազայում կրակի դադարեցման վերաբերյալ

Իսրայելական կողմը միջնորդների միջոցով ստացել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատասխանը՝ Գազայի հատվածում հնարավոր հրադադարի շուրջ հետագա բանակցությունների վերաբերյալ:

Այս մասին հայտնում է Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։

«Միջնորդները ՀԱՄԱՍ-ի պատասխանը փոխանցել են իսրայելական պատվիրակությանը: Այն այժմ ուշադիր ուսումնասիրվում է», – հայտնել է գրասենյակը։

Տեղեկություններ են հաղորդվում, որ ավելի վաղ՝ այս պատասխանից մի քանի ժամ առաջ, ՀԱՄԱՍ-ը ներկայացրել էր սկզբնական պատասխանը, որն արագորեն մերժվել էր արաբ միջնորդների կողմից, ովքեր հրաժարվել էին նույնիսկ այն կիսել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ՝ պահանջելով, որ խմբավորումը ներկայացնի ավելի ողջամիտ տարբերակ։

Պատասխանի մանրամասները և իսրայելական կողմի դիրքորոշումը դեռևս չեն հրապարակվել։

Իսրայելական 12-րդ հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան, ում անունը չի նշվում, հավելել է, որ վերջին պատասխանն ավելի լավն էր, քան խմբավորման կողմից նախորդ ներկայացվածը, որը միջնորդների կողմից կտրականապես մերժվել էր։

«Հիմա կա ինչ-որ բան, որի հետ կարելի է աշխատել», – ասել է նա։

Միևնույն ժամանակ, իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով անանուն աղբյուրներին, հայտնել են, որ Կատարի մայրաքաղաք Դոհայում գտնվող իսրայելական բանակցային թիմը մանդատ է ստացել միջնորդների հետ քննարկելու պատերազմի դադարեցման հարցը։

Սպիտակ տունը հուլիսի 23-ին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ցանկանում է հրադադարի հասնել Գազայում և «հնարավորինս շուտ» ազատ արձակել բանտարկյալներին՝ նշելով, որ ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Եվրոպայում կհանդիպի Մերձավոր Արևելքի պաշտոնյաների հետ՝ առաջարկվող համաձայնագիրը քննարկելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս