
Թրամփը ստորագրել է հրամանագրեր ԱՄՆ-ում արհեստական բանականության զարգացման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 23-ին ստորագրել է երեք հրամանագիր, որոնք ուղղված են երկրում արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիայի զարգացմանը և դրա վրա հիմնված տարբեր մշակումների արտահանման ավելացմանը։
«Ամերիկան այն երկիրն է, որն սկսել է մրցավազքն ԱԲ-ի ոլորտում։ Եվ որպես ԱՄՆ նախագահ՝ ես այսօր հայտարարում եմ, որ Ամերիկան կհաղթի դրանում», – ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում կայացած խորհրդաժողովում։ Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ն այժմ «շատ առաջ է Չինաստանից ԱԲ-ի ոլորտում» և մտադիր է ամրապնդել այդ գերազանցությունը։
Միացյալ Նահանգների ղեկավրը նշել է, որ հրամանագրերից մեկը, որն ինքը ստորագրել է հիշյալ խորհրդաժողովում, նպատակ ունի ԱՄՆ-ն վերածել ԱԲ-ի հետ կապած տարբեր մշակումների «արտահանման լոկոմոտիվի»։
Ինչպես հետևում է Սպիտակ տան կողմից հրապարակված փաստաթղթից, խոսքը վերաբերում է, մասնավորապես, Վաշինգտոնի դաշնակից երկրներին մասնագիտացված համակարգչային սարքավորումների և ծրագրային ապահովման վաճառքին։
Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ մտադիր են ապահովել ԱՄՆ-ում արհեստական բանականության վրա հիմնված ամենահզոր համակարգերի ստեղծումը։ Հունվարի 21-ին ԱՄՆ ղեկավարը հայտարարել է երկրում Stargate ընկերության ստեղծման մասին, որը 500 միլիարդ դոլար կներդնի արհեստական բանականության զարգացման բնագավառում։ Ինչպես նշել է նա, նախագծին կմասնակցեն OpenAI, SoftBank Group և Oracle ընկերությունները: