
Ծինփինը կոչ է արել ԵՄ ղեկավարներին ճիշտ ռազմավարական որոշումներ կայացնել

Չինաստանի և Եվրամիության առաջնորդները պետք է հեռատեսություն դրսևորեն և ճիշտ ռազմավարական որոշումներ կայացնեն համաշխարհային փոփոխությունների պայմաններում։ Այս մասին Պեկինում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ հանդիպմանն ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
«Համաշխարհային փոփոխությունների և անկայուն միջազգային իրադրության պայմաններում Չինաստանի և ԵՄ առաջնորդները պետք է կրկին հեռատեսություն ու պատասխանատվություն դրսևորեն, ընդունեն ճիշտ ռազմավարական որոշումներ, որոնք կհամապատասխանեն ժողովրդի ակնկալիքներին ու կդիմակայեն պատմության քննությանը»,- Xinhua-ի փոխանցմամբ, ասել է Ծինփինը, ով ընդունել է հյուրերին խորհրդարանի շենքում։
Հիշեցնելով, որ 2025 թվականին տոնվում է Չինաստանի և ԵՄ միջև հարաբերությունների 5, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության 80 ամյակը՝ Ծինփինը նշել է․ «Չինաստանի և Եվրամիության հարաբերությունները կրկին կարևոր պատմական հանգրվանում են։
ՉԺՀ-ն և ԵՄ-ն արդյունավետ արդյունքների են հասել փոխանակման և համագործակցության համատեքստում, ինչը երկու կողմերին ու ամբողջ աշխարհին օգուտ է բերել»։
Նա հավելել է, որ Չինաստանն ու ԵՄ-ն կառուցողական ուժեր են, որոնք հանդես են գալիս բաց համագործակցության օգտին։
«Որքան ավելի բարդ ու լուրջ է միջազգային իրադրությունը, այնքան Չինաստանն ու ԵՄ-ն ավելի շատ պետք է ամրապնդեն կապերը, խորացնեն փոխվստահությունն ու համագործակցությունը»,- ասել է Ծինփինը՝ համոզմունք հայտնելով, որ կայուն ու ներդաշնակ հարաբերությունները մեծ կայունություն ու հստակություն կապահովեն համաշխարհային հանրության համար։