
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում շրջադարձային կետի հասնելու մասին

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հուլիսի 24-ին Պեկինում կայացած հանդիպմանը կոչ է արել «էականորեն վերահավասարակշռել առևտրային հարաբերությունները»՝ ընդգծելով, որ կողմերի միջև հարաբերությունները գտնվում են շրջադարձային կետում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Մեր համագործակցության խորցմանը զուգընթաց խորացել են նաև անհավասարակշռությունները։ Մենք հասել ենք շրջադարձային կետի։ Կարևոր է մեր երկկողմ հարաբերությունների վերահավասարակշռումը․․․ Կենսական անհրաժեշտություն է Չինաստանի և Եվրոպայի համար հասկանալու մեր համապատասխան մտահոգությունները և առաջարկելու իրական լուծումներ»,- Եվրահանձնաժողովի ղեկավարն ասել է Ծինփինի հետ հանդիպմանը, որին մասնակցել է նաև Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Անտոնիու Կոշտան։
Reuters-ը նշում է, որ ֆոն դեր Լայենի հայտարարությունը կապված է ԵՄ-Չինաստան առևտրային դեֆիցիտի հետ, որը անցյալ տարի աճել էր պատմական 305,8 միլիարդ եվրոյի։ Չինաստան-ԵՄ գագաթնաժողովի բացմանը ելույթով հանդես եկած Կոշտան իր հերթին նշել է, որ ԵՄ-ն շարունակում է հանձնառու լինել երկկողմ համագործակցության խորացմանը։
«Մենք հստակ առաջընթացի կարիք ունենք առևտրի և տնտեսության հետ կապված հարցերում։ Եվ մենք երկուսս էլ ցանկանում ենք, որ մեր համագործակցությունը լինի հավասարակշռված, փոխադարձության և փոխշահավետության հիմքի վրա»,- Կոշտայի խոսքերը մեջբերում է ԵՄ պաշտոնական կայքը։
Նա ընդգծել է, որ ինչպես ԵՄ-ն, այնպես էլ Չինաստանը համաշխարհային խոշոր տնտեսություններ ու դերակատարներ են ու կիսում են կանոնների վրա հիմնված կարգը պահպանելու և գլոբալ մարտահրավերներին դիմակայելու պատասխանատվությունը։ «Մենք ունենք տարբեր քաղաքական ու տնտեսական համակարգեր։ Մենք միշտ չէ, որ համաձայն ենք իրար հետ։ Սակայն մենք երկուսս էլ հետաքրքրված ենք առաջ մղելու կառուցողական ու կայուն հարաբերություններ»,- նշել է Կոշտան։
Իր հերքին Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը հայտարարել էր, որ Չինաստանի և Եվրամիության առաջնորդները պետք է հեռատեսություն դրսևորեն և ճիշտ ռազմավարական որոշումներ կայացնեն համաշխարհային փոփոխությունների պայմաններում։