
Թրամփը համաձայնագիր է կնքել Ճապոնիայի հետ. ավտոարտադրողների բաժնետոմսերի գինն աճել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առևտրային համաձայնագիր է կնքել Ճապոնիայի հետ, համաձայն որի օգոստոսի 1-ից ճապոնական բոլոր ապրանքների, այդ թվում՝ ավտոմեքենաների նկատմամբ կգործեն 15% մաքսատուրքեր։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նոր պայմանավորվածությունները տարածվում են նաև Ճապոնիայի ավտոարդյունաբերության ոլորտի վրա, որը կազմում է ԱՄՆ արտահանումների մեկ քառորդից ավելին. գործող 25% մաքսատուրքերը կնվազեցվեն մինչև 15%։
Դրա դիմաց Տոկիոն ԱՄՆ-ում 550 միլիարդ դոլարի չափով ներդրումներ կանի և վարկեր կտրամադրի։ Ճապոնիան նաև կավելացնի ԱՄՆ-ից գյուղատնտեսական ապրանքների գնումները։Հայտարարության արդյունքում Ճապոնիայի Nikkei ֆոնդային ինդեքսը բարձրացել է ավելի քան 3%-ով՝ հասնելով տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշին, ինչը հիմնականում պայմանավորված է ավտոարտադրողների բաժնետոմսերով, որոնց թվում Toyota-ի բաժնետոմսերի գինն աճել է ավելի քան 14%-ով, իսկ Honda-ինը՝ գրեթե 12%-ով։
«Ես հենց նոր ստորագրեցի պատմության մեջ ամենախոշոր առևտրային համաձայնագիրը Ճապոնիայի հետ։ Սա շատ հուզիչ ժամանակաշրջան է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, հատկապես, այն փաստի առումով, որ մենք միշտ կշարունակենք հիանալի հարաբերություններ ունենալ Ճապոնիայի հետ», – գրել է Թրամփն իր Truth Social հարթակում։
Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան, որն ըստ տեղական լրատվամիջոցների՝ շուտով հրաժարական կտա ընտրություններում կրած պարտության պատճառով, ողջունել է ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը։ Նա նշել է, որ դա ԱՄՆ-ի հետ առևտրային ավելցուկ ունեցող երկրների շրջանում մաքսատուրքերի ամենացածր ցուցանիշն է
։Իսկ ԱՄՆ-ի ավտոարտադրողները դժգոհ են համաձայնագրից։ Նրանք մտահոգություն են հայտնել առևտրային այս ռեժիմի վերաբերյալ, որով կրճատվում են Ճապոնիայից ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքերը, մինչդեռ Կանադայում և Մեքսիկայում իրենց գործարաններից և մատակարարներից ներմուծման մաքսատուրքերը մնում են նույնը՝ 25%: