Հանքարդյունաբերության շնորհիվ ստեղծվում է ամուր հիմք, որի վրա կառուցվում են տնտեսությունն ու մարդկանց բարեկեցիկ կյանքը․ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն

Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վերակառուցված մարզադաշտում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) հանդիսավոր պայմաններում նշեց Հանքագործների ու մետալուրգների միջազգային օրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ առթիվ կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին նշեց, որ հուլիսն իրենց համար ավանդաբար դարձել է տոնական ամիս։

«Հանքարդյունաբերական բիզնեսը ոչ միայն մասնագիտություն է, այլև կոչում և աշխատանք, որը պահանջում է գիտելիքներ ու հմտություններ, ինչպես նաև գործի հանդեպ ցուցաբերվող նվիրվածություն և տոկունություն։ Ձեր ջանքերի ու վարպետության շնորհիվ ստեղծում է ամուր հիմք, որի վրա կառուցվում են արդյունաբերությունը, տնտեսությունը և վերջնարդյունքում նաև մեր կյանքը։ Այսօր ԶՊՄԿ-ում աշխատում է ավելի քան 4000 մարդ, այդ թվում կանայք, ինչը 50 տոկոսից ավելի է ոլորտի միջին վիճակագրական ցուցանիշից ամբողջ աշխարհում։ Կոլեկտիվի աշխատակիցների միջին տարիքը 40 տարեկան է։ Նրանց 90 տոկոսը Կապանի և Քաջարանի բնակիչներ են։ Միջին աշխատանքային ստաժը կազմում է 12 տարի»,- նշեց կոմբինատի գլխավոր տնօրենը։ 

Նա հավաստիացրեց, որ իրենց կոլեկտիվը հզոր թիմ է՝ բաղկացած նվիրյալ մասնագետներից, որոնցից յուրաքանչյուրն անգնահատելի ներդրում ունի ԶՊՄԿ-ի և ընդհանուր առմամբ՝ ՀՀ-ի զարգացման գործում։

Կոմբինատում աշխատում են ավելի քան 400 մասնագիտությունների գծով աշխատակիցներ, ովքեր համախմբվել են մեկ նպատակի շուրջ։ Նրանց գործունեության շնորհիվ՝ կոմբինատի ղեկավարությունը պատեհ առիթների դեպքում հպարտությամբ է խոսում ձեռքբերումների ու նվաճումների մասին ինչպես համայնքների, այնպես էլ պետության բարգավաճման համատեքստում։ 

«Արդեն չորրորդ տարին անընդմեջ մենք հանդիսանում ենք ՀՀ-ի թիվ մեկ հարկատուն։ Սյունիքի մարզն այսօր դարձել է Հայաստանի տնտեսական զարգացման առաջատարը։ Այստեղ բոլոր մարզերի համեմատությամբ արձանագրվել է ՀՆԱ-ի ամենաբարձր ցուցանիշը, աղքատության ամենացածր մակարդակը և ամենաբարձր միջին աշխատավարձը։ Սա լոկ վիճակագրություն չէ, այլ ընդհանուր, նպատակասլաց և համառ աշխատանքի արդյունքն է։ Մեզ համար չափազանց կարևոր է կոմբինատի մոդեռնիզացիայի շարունակությունը բոլոր առումներով։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս նաև աշխատանքային պայմանների բարելավմանը, արդյունաբերական և տեխնիկական անվտանգությանը, մեր աշխատակիցների առողջապահական խնդիրներին։ Այս հարցերը մեզ համար առաջնային են, հետևաբար մշտապես ձգտում ենք որակի բարձրացման բոլոր ուղղություններով»,- հայտնեց Խուդոլին։ 

Նրա տեղեկացմամբ՝ արդեն իսկ իրագործվում է ԶՊՄԿ-ի զարգացման ռազմավարությունը, որը միտված է արդյունաբերական աճին, նոր տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրական գործընթացների ավտոմատացմանը, թվային հարթակին անցնելուն, ինչպես նաև զարգացման միջազգային չափանիշների կիրարկմանը։ Այդ ամենը մեկ ընդհանուր թիմում համախմբված մասնագետների հաջող աշխատանքի գրավականն է։ 

«Այս տարվա սկզբում եղան որոշակի դժվարություններ, սակայն դա մեզ թույլ տվեց ետ նայել, վերաիմաստավորել փորձը, քաղել համապատասխան դասեր, վերակազմավորել աշխատանքն ու շարժվել առաջ։ Այս տարի կազմակերպեցինք առողջապահության օրեր, որոնք ցույց տվեցին, թե որքան համախմբված կարող է լինել ներդաշնակ թիմը և ինչպիսի արդյունքներ կարող են գրանցվել համատեղ աշխատանքի արդյունքում։ Ունենք վաստակաշատ մասնագետներ, ովքեր իրենց կյանքի զգալի մասը նվիրել են կոմբինատին՝ իրենց գիտելիքներն ու փորձառությունը փոխանցելով երիտասարդ սերնդին։ Նրանց նվիրվածությունն օրինակ է բոլորիս համար»,- եզրափակեց Խուդոլին։ 

ԶՊՄԿ-ի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն էլ լրագրողների հետ զրույցում ոլորտի բոլոր գործընկերներին շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ՝ շեշտելով, թե որքան մեծ նշանակություն ունի հանքարդյունաբերությունը ՀՀ-ի տնտեսության զարգացման համար։ 

«Հույս ունենք, որ այս բնագավառի գործունեությունը, կարևորությունն ու արդիականությունը տարեցտարին ավելի կգնահատվեն։ ԶՊՄԿ-ի համար բնապահպանական ծրագրերն ու միջոցառումները շարունակում են մնալ առաջնահերթություն։ Մշտապես ներկայացնում ենք մեր մոնիթորինգային ծրագիրը, որն ամբողջությամբ վերանայվել է և վերաիմաստավորվել։ Հենց այդ մասին են վկայում վերոնշյալ ծրագրերն ու միջոցառումները, որոնք նաև լայնորեն լուսաբանվում են լրատվամիջոցների կողմից»,- ասաց Ստեփանյանը։

Նա հավելեց, որ կոմբինատն իր աշխատակիցներին և հանրությանը տված խոստումները հետևողականորեն կատարում է։ Մարդկանց կողմից ոչ վաղ անցյալում ներկայացված դժգոհությունները վերաբերում էին տարիների ընթացքում ձևավորված աշխատավարձային կամ եկամտային անհավասարությանը, բայց նոր համակարգի ներդրմամբ իրավիճակն էականորեն շտկվել է։ «Համահարթեցմանն ուղղված մեր ջանքերն արդեն իսկ էական քայլերով արձանագրել են հստակ փոփոխություններ։ Ապահովագրության առումով նույնպես եղան բարելավումներ։

Զգալիորեն նվազած դժգոհությունները ցույց են տալիս, որ հետևողականորեն գնում ենք կարևոր ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Կան նաև մի շարք այլ խոստումներ, որոնք նշել ենք հանրային տիրույթում։ Դա նախևառաջ վերաբերում է ասպիրացիոն համակարգի ներդրմանը, որն այս պահին իրագործման փուլում է»,- եզրափակեց Ստեփանյանը։   

Հանքագործների և մետալուրգների օրվա կապակցությամբ՝ ԶՊՄԿ-ն նախորդ տարի աշխատանքային լուրջ ձեռքբերումներով աչքի ընկած իր տարբեր օղակների 16 աշխատակիցներին պարգևատրեց 500 հազարական դրամով։ Միջոցառումն ուղեկցվեց համերգային ծրագրով և հյուրասիրությամբ։

Տեսանյութեր

Լրահոս