
Լյուքսեմբուրգում ստորագրվել է Սյունիքի զարգացմանը վերաբերվող 50 մլն եվրոյի վարկային համաձայնագիր

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է Լյուքսեմբուրգ և Բրյուսել կատարած աշխատանքային այցին։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Էկոնոմիկայի նախարարությունը։
Այցի ընթացքում հանդիպումներ են կայացել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Քսավիե Բեթելի, Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Ռաֆայել Ֆիտոյի, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանի, ինչպես նաև Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Նադիա Կալվինոյի և փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի հետ։
Հանդիպումներում ընդգծվել է Հայաստան–ԵՄ քաղաքական երկխոսության նոր՝ առավել ինտենսիվ փուլ մտնելու կարևորությունը։ Քննարկվել են Հայաստան–ԵՄ գործընկերության հեռանկարները, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման ընթացքը, վիզաների ազատականացման գործընթացը, թվայնացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ԵՄ «Դիմակայունության և աճի պլանի» շրջանակներում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները։
Կարևոր դեր է տրվել նաև Հայաստան–ԵՄ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, առևտրի դիվերսիֆիկացմանը, որակի ենթակառուցվածքների զարգացմանը և ներդրումային ծրագրերին։ Զրուցակիցները կարևորել են Հայաստանի ներգրավվածությունը տարածաշրջանային նախաձեռնություններում՝ հատկապես Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ նոր ռազմավարական մոտեցման համատեքստում։
Փոխվարչապետ Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և դրա տարածաշրջանային և տնտեսական ազդեցությունը, ինչպես նաև ընդգծել է դրա կապը ԵՄ «Global Gateway» ռազմավարության և տարածաշրջանում կայունության ու զարգացման խթանման հետ:
Այցի շրջանակում Լյուքսեմբուրգում՝ Եվրոպական ներդրումային բանկի գլխամասային գրասենյակում, կայացել է «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» 50 մլն եվրո վարկային համաձայնագրի ստորագրման արարողությունը, որը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան։
Ծրագիրն ուղղված է Սյունիքի մարզի տնտեսական զարգացմանն ու ենթակառուցվածքների բարելավմանը՝ ջրամատակարարման, առողջապահության և կրթության ոլորտներում, ինչպես նաև տեղահանված անձանց և ընդունող համայնքների կարիքների բավարարմանը և արժանապատիվ կենսապայմանների ստեղծմանը։