
ՄԱԿ-ը և մի շարք երկրներ դատապարտել են Իսրայելի հարձակումը Սիրիայի վրա

ՄԱԿ-ը և տարբեր երկրներ դատապարտել են իսրայելական հարձակումները Սիրիայի վրա։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Սիրիայի հարավային աս-Սուեյդայի նահանգում բռնության վերաբերյալ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։ Գլխավոր քարտուղարը կոչ է արել Սիրիայի իշխանություններին թափանցիկ և հրապարակային հետաքննել միջադեպերը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
Գուտերեշը նաև մտահոգություն է հայտնել Սիրիայի տարածքում Իսրայելի կողմից իրականացվող ավիահարվածների առնչությամբ և կոչ է արել Իսրայելին զերծ մնալ Սիրիայի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումից։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է վերջին օրերին Սիրիայի դեմ Իսրայելի կողմից իրականացված ռազմական հարձակումները՝ մտահոգություն հայտնելով աս-Սուեյդայի շրջանում վերջին բախումների կապակցությամբ, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ։
Իրաքի արտաքին գործերի նախարարությունն իր հերթին խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի վրա կրկնվող հարձակումները՝ հաստատելով, որ մերժում է Սիրիայի ինքնիշխանության ցանկացած խախտում կամ նրա ժողովրդի անվտանգությունը վտանգող որևէ գործողություն։Սաուդյան Արաբիայի Թագավորությունը դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի վրա իրականացված բացահայտ հարձակումները՝ կրկին կոչ անելով միջազգային հանրությանը կանգնել Սիրիայի կողքին և աջակցել նրան այս փուլում։
Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթողների նախարարությունը դատապարտել է Սիրիայի Արաբական Հանրապետության ռմբակոծությունն Իսրայելի կողմից՝ դա համարելով միջազգային իրավունքի կոպիտ խախտում և Սիրիայի կայունության, ինքնիշխանության և անվտանգության դեմ ուղղված վտանգավոր սրացում։
Քուվեյթը ողջունել է աս-Սուեյդայում հրադադարի մասին հայտարարությունն ու դատապարտել Իսրայելի հարձակումները։
Կատարի արտաքին գործերի պետնախարար Մոհամմեդ բին Աբդ ալ-Ազիզ ալ-Խուլայֆին վերահաստատել է աս-Սուեյդա քաղաքի վրա Իսրայելի հարձակումների դատապարտումն իր երկրի կողմից՝ դրանք որակելով որպես Սիրիայի ինքնիշխանության, միջազգային իրավունքի սկզբունքների և ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը լուրջ սպառնալիք։
Syria TV-ի տեղեկացմամբ՝ իսրայելական ինքնաթիռները հուլիսի 16-ի առավոտյան մի շարք ավիահարվածներ են հասցրել Սիրիայի հարավում գտնվող աս-Սուեյդայի նահանգի տարբեր շրջանների։
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ իսրայելական օդանավերը չորս ավիահարված են հասցրել աս-Սուեյդա քաղաքի ծայրամասերին՝ թիրախավորելով տարբեր տարածքներ, այդ թվում՝ ռազմական տեխնիկա։