
Եթե Քննչականի մարազմատիկ ռելիզներում զենք տեսնեք, օրինական է, դրանով ազատագրված տարածքներում որսի էին անում. Գեղամ Մանուկյան
ՀՅԴ երիտասարդական թևի երիտասարդների տներում խուզարկություններն ու ձերբակալությունները նախօրեին հարուցված նոր քրեական վարույթի շրջանակներում է։ Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
Ինչպես հայտնել ենք, այսօր խուզարկություններ են իրականացվել ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը։ Խուզարկությունների արդյունքում Մանուկյանների տնից առգրավել են համակարգիչ, Գեղամ և Տարոն Մանուկյանների հեռախոսներն ու մի քանի անձնական իրեր։
«Պարզ ասեցի՝ տղե՛րք, ամոթ է, աբսուրդ է։ Ջրի վրա քրեական գործ հարուցելը ո՞րն է։ Մեր երիտասարդներից մեկը, որ «ռադիոլյուբիտել» (радиолюбитель) է` էլեկտրոնիկա է սիրում, նաև մեր երիտասարդականից է, գիտեք՝ տարբեր բանակումներ ենք անում, տարբեր ռազմախաղեր ենք անում, Երևանում էլ կան բազմաթիվ խանութներ, որտեղ վաճառում են փոքր գնդիկներով, դիմակներով ռազմախաղ։ Դրանց մեջ կան պլաստմասե գնդիկներով, որ պայթեցնում են խաղերի ժամանակ, որ ավելորդ ծախսեր չանելու համար սիսեռ են լցնում։ Դա գտել են ու համարել են ահաբեկչության նախապատրաստություն»,- ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով՝ այս պատմությունը հայտնի, այսպես կոչված, ահաբեկչություն և իշխանազավթում նախապատրաստելու գործի շրջանակներում չէ։
Մանուկյանի տեղեկություններով՝ իր որդուց՝ Տարոն Մանուկյանից բացի ձերբակալված է նաև «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի
Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանը (Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին- խմբ․) և ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։
Ըստ նրա՝ այլ անուններ էլ կան, որոնց այս պահին դեռ չի տիրապետում։
Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 8-ին Գյումրիում տարեցների և «Դիմադրություն» շարժման երիտասարդ անդամների միջև բախում էր տեղի ունեցել։ Հայտնի էր դարձել, որ դեպքով կան ձերբակալվածներ, որոնց թվում էր նաև Գեղամ Մանուկյանի որդին` Տարոնը։