Եթե Սամվել Կարապետյանի հայտարարությունը չլինե՞ր, ՀԷՑ-ի վերաբերյալ նման նախագիծ կբերեի՞ք. Ավետիսյան

ՀՀ իշխանությունների պատճառաբանությունները, թե էներգետիկ բնագավառում կոլապս է, չափազանցված է և չունի հիմնավորում։ Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը` հակադարձելով ՔՊ պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։

«Ասում եք` էներգետիկայի ոլորտում կոլապս է…վստահաբար այդպես չէ էլի, որ քնից զարթնում եք ու մեկ էլ, հո՛պ, կոլապս է։ Երբ ասում եք` կոլապս, ՀԾԿՀ–ն ամեն տարի գալիս է ԱԺ, վերլուծություններ է ներկայացնում, կոլապսի մասին ոչինչ չի ասել, ընդհակառակը, ոլորտի դրական դինամիկայի մասին է միշտ խոսվել»,– հատարարեց Ավետիսյանը։

Վլադիմիր Վարդանյանը, որը ներկայացնում էր «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած` ՀԷՑ–ի պետականացման նախագիծը), նշեց` կոլապսն այն է, որ էլեկտրաէներգիայի բացակայությունը կարող է հանգեցնել լրջագույն խնդրի. խոսքը վերաբերում է, օրինակ, էլեկտրամոբիլներին, հոսանքով աշխատող բոլոր սարքավորումներին։

«Հիմա չե՞ք ուզում, որ պետությունն ունենա նման մեխանիզմներ` կանխարգելելու նման իրավիճակները»,– արձագանքեց Վարդանյանը։

Ավետիսյանը պատասխանեց` նշելով. «Ես ձեզ նման բավարար քաղաքական ճարպկություն չունեմ, դրա համար ուղիղ հարցս տամ` եթե ազնվություն ունեք, պատասխանեք` եթե եկեղեցու հետ կապված Սամվել Կարապետյանի հայտնի ելույթը չլիներ, դուք այսօր ՀԷՑ–ի վերաբերյալ այդ նախագիծը զեկուցելո՞ւ էիք։ Հետո` ԲԷՑ–ը, որը պետական է, այդտեղ հեչ խնդիր չկա՞ր, որ հիմա բերել ու այն ֆիքսվել եք միայն ՀԷՑ–ի վրա` վստահաբար նեղ, քաղաքական դրդապատճառներով»,– հետաքրքրվեց նա։

Ի պատասխան Վարդանյանն ասաց, որ մի հարցում ընդդիմադիր պատգամավորի հետ համաձայն է` այս նախագիծը շատ ժամանակավրեպ է, այն ավելի վաղ պետք է բերվեր քննարկման` 10, 25 տարի առաջ։

«Այս խուժան սեփականաշնորհման գործընթացին պետք էր ի սկզբանե ուշադիր լինել։ Պետք չէր պետության մեջ պետություն կառուցել, սա ամենավտանգավոր բանն է։ Այդ առումով, այո՛, համաձայն եմ ձեզ հետ ու ներողություն եմ խնդրում, որ ուշացրել ենք»,– հայտարարեց նա։

Ըստ Վարդանյանի` արդյոք մենք ուզո՞ւմ ենք, որ երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ոլորտը հայտնվի մասնավորի, այն էլ` ինչ–որ մեկի ընտանիքի ձեռքում։ Վարդանյանի համոզմամբ` պատասխանը միանշանակ «ոչ»–ն է։

Տեսանյութեր

Լրահոս