Թռնեք օդ, իջնեք ներքև, միևնույնն է, սա ՀԷՑ-ը խլելու նախագիծ է. Աննա Գրիգորյանը՝ փոխնախարարին

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել: Նիստի օրակարգում ընդգրկված է ՀԷՑ-ն ազգայնացնելու հարցը:

«Ռազմավարական նշանակության հարց է բերվել ԱԺ նիստի օրակարգ և դուք առաջարկում եք այն 24 ժամյա ռեժիմով քննարկել: ՀԷՑ-ի խլման գործընթացը շատ մեծ բացասական ազդեցություն է ունենալու ներդրումային ընդհանուր մթնոլորտի վրա»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Պատգամավորի համար անհասկանալի է, թե ինչու է կառավարությունը ցանկանում հարցը հրատապ կարգով քննարկել ու քվեարկել. «Իմ պատասխանն այն է, որ եղել է Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունը եկեղեցու պաշտպանության մասով և դա հրատապություն է առաջացրել կառավարությունում: Եթե այս մոտեցման հետ համաձայն չեք, հիմնավորեք, թե ո՞րն է պատճառը, որ մենք այս նախագիծը պետք է հրատապ կերպով քննարկենք»,-դիմելով ՏԿԵ փոխնախարար  Արմեն Սիմոնյանին՝ հետաքրքրվեց Գրիգորյանը:

Փոխնախարարը չհամաձայնեց պատգամավորի՝ ՀԷՑ-ը խլելու դիտարկումների  հետ. «Դա վերաբերում է էներգետիկ բարեփոխումներին՝ որպես ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի: Վստահ եմ՝ բոլորդ էլ տեղյակ եք, որ մենք այս ոլորտում ունենք բազմաթիվ խնդիրներ՝ կապված էկելտրաէներգիայի մատակարարման հետ և դրանց մասին խոսելու ու ապացուցելու որևէ բան չկա: Դրա համար էլ, կարծում ենք, որ այդ հարցերին պետք է հրատապ լուծում տանք»:

Գրիգորյանն էլ արձագանքեց. «Թռնեք օդ, իջնեք ներքև՝ սա հենց ՀԷՑ-ը խլելու նախագիծ է»։

Տեսանյութեր

Լրահոս