Բաժիններ՝

Դանիան վեց ամսով ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը

Դանիան վեց ամսով Լեհաստանից ստանձնել է Եվրոպական միության խորհրդի նախագահությունը։

Այս մասին հայտնում է ԵՄ խորհուրդը։

««Ուժեղ Եվրոպա փոփոխվող աշխարհում» կարգախոսի ներքո դանիական նախագահությունը կաշխատի անվտանգ, ինչպես նաև մրցունակ և կանաչ Եվրոպայի համար։ Դանիան ութերորդ անգամ է ստանձնում Խորհրդի ռոտացիոն նախագահությունը, այս անգամ՝ Լեհաստանի և Կիպրոսի հետ նախագահական եռյակի կազմում», – նշված է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։ 

Վերջին անգամ Դանիան Եվրոպական միության խորհրդում ​​նախագահել է 2012 թվականի առաջին կեսին։ԵՄ հարցերով նախարար Մարի Բյերի խոսքով՝ Դանիան «ստանձնում է ԵՄ նախագահությունը նոր աշխարհաքաղաքական իրականության մեջ»։ 

«ԵՄ նախագահության համար կառավարության առաջնահերթությունները ուշադիր ընտրվել են՝ Եվրոպայի առջև ծառացած սուր մարտահրավերներին արձագանքելու համար։ Խոսքը վերաբերում է Եվրոպային մինչև 2030 թվականը պաշտպանելու կարողության ապահովմանը։ Հետևաբար, անհրաժեշտ է բարձրացնել Եվրոպայի մրցունակությունը։

Ահա թե ինչու Եվրոպայի պաշտպանության ամրապնդումը և ծանր կանոնակարգերի վերացումը` միաժամանակ աջակցելով կանաչ անցմանը, ԵՄ-ի դանիական նախագահության ամենակարևոր առաջնահերթություններից երկուսն են», – ասել է նա մամուլի ասուլիսում։

ԵՄ խորհրդում իր նախագահության ընթացքում Դանիան կհյուրընկալի տասնյակ ֆորումներ՝ ԵՄ երկրների ղեկավարների մասնակցությամբ:

Նախատեսված են 15 ոչ պաշտոնական նախարարական հանդիպումներ, փորձագիտական ​​խորհրդակցություններ և երկու գագաթնաժողով: Խորհրդի նախագահության համար ընտրություններ չեն անցկացվում. յուրաքանչյուր երկիր հերթականությամբ նախագահում է խորհուրդը։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր անդամ պետություն՝ անկախ նրանից մեծ է, թե փոքր, նախագահում է խորհրդում։

Այսպիսով՝ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անդամ պետությունը դառնում է ԵՄ խորհրդի նախագահ և նպաստում է ԵՄ օրենսդրական գործընթացի սահուն ընթացքի ապահովմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս