ՀԷՑ-ը վերցնելու օրենքի նախագիծը բերել եք ոտքի վրա, երեք ժամում, որ ընդունեն. Մանուկյանը՝ փոխնախարարին

ՀԷՑ-ի պետականացման նախագիծը ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ քննարկվելու է 3–ժամյա ռեժիմով։ Այս հանգամանքը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի համար խիստ կասկածելի է, և նա իր դժգոհությունը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին։

«Նախագծերի փաթեթը 3– ժամյա ռեժիմով բերվել է ԱԺ, սակայն դուք` ՏԿԵ նախարարությունը, կառավարության այս նախագծի վերաբերյալ նշել եք, որ այն լրամշակման կարիք ունի, մանավանդ նշել եք նաև ՀՀ պետական բյուջեի ծախսերի խիստ անորոշության մասին։ Այնպիսի ռազմավարական մի ոլորտ, որը վերաբերում է ՀՀ յուրաքաչյուր քաղաքացու, որը մտնելու է յուրաքանչյուր քաղաքացու գրպան, այդպես ոտքի վրա` 3-ժամյա ռեժիմով բերել մի օրենք, դա անընդունելի է։ Մանավանդ, այն նաև վերաբերելու է ՀՀ և՛ ներդրումային մթնոլորտին, և՛ կառավարման համակարգին, և՛ էներգետիկայի ոլորտին»,- հայտարարեց Մանուկյանը։

ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանն ըստ էության խուսափեց ուղիղ պատասխաններից` նշելով, որ պատգամավորի բարձրացրած բոլոր հարցերը կքննարկվեն ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։

«Ինչ վերաբերում է իմ անձնական կարծիքին, ապա ցանկացած ռազմավարական ոլորտ ունի կարևոր նշանակություն, և այդ ոլորտում իրականացվող վերահսկողությունը շատ կարևոր է։ Այն քայլերը, որոնք իրականացվում են, բխում են ՀՀ քաղաքացիների շահերից»,– ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031