
Որևէ պետական կառույց չի կարող գործել որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Բուլղարիայի հայ համայնք

Մենք դատապարտում ենք ցանկացած գործողություն, որը խաթարում է քաղաքացիական ազատությունները և իրավական պետության հիմքերը։ Այս մասին հայտարարություն է տարածել Բուլղարիայի հայ համայնքային խորհրդի վարչությունը։
«Բուլղարիայի հայ համայնքային խորհուրդը խորապես մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներով։ Մասնավորապես, մտահոգություն է առաջացնում Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող հետևողական և համակարգված ճնշումների շարանը, ինչպես նաև եկեղեցական և քաղաքական գործիչների ձերբակալություններն ու նրանց նկատմամբ կիրառվող խիստ միջոցները։ Ժողովրդավարական հասարակության հենքը խոսքի ազատության, օրենքի գերակայության և արդար դատաքննության սկզբունքների պահպանումն է։ Որևէ պետական կառույց չի կարող գործել որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք։ Ցանկացած իրավական գործընթաց պետք է իրականացվի թափանցիկ, օբյեկտիվ և արդար ձևով՝ հիմնվելով հստակ ու հավաստի ապացույցների վրա։ Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր ինքնության և միասնականության անքակտելի հենարանը։ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերադառնալ օրենքի և ժողովրդավարական արժեքների դաշտ՝ հարգելով յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքները և նպաստելով ազգային համախմբմանը»,– ասվում է հայտարարության մեջ։