
Ըստ էության, ծավալվում է դիրքավորում նոր իրավիճակում․ Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուխաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրում է․
«Չինաստան է ժամանել Իրանի պաշտպանության նախարարը, որը հանդիպումներ կունենա Պեկինում՝ Չինաստանի ղեկավարության հետ: Ընդ որում, հայտնում են նաև, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարն էլ Չինաստանում է:
Սա իհարկե շատ ուշագրավ է: Հիշեցնեմ, որ պատերազմի դադարից ժամեր առաջ տեղի էր ունեցել Իրանի և ՌԴ պաշտպանության նախարարների հեռախոսազրույցը՝ առաջինը պատերազմի օրերից ի վեր, իսկ դրանից ժամեր առաջ եղել էր Իրանի ԱԳ նախարարի այցը Մոսկվա և հանդիպումը Պուտինի հետ:
Ինչպես գիտեք, անդրադառնալով պատերազմի դադարին, ես նշեցի, որ դա չէր կարող տեղի ունենալ առանց Ռուսաստանի ու Չինաստանի էական ներգրավվածությամբ: Այլ հարց է, նրանք նպատակահարմար գտնում էինայդ մասին ազդարարելը, թե՞ նախընտրելի էին համարում, որ հատկապես ՆԱՏՕ գագաթնաժողովից առաջ Թրամպը կրի հաղթանակի դափնին:
Թրամպն ի դեպ այսօր հայտարարել է, որ հույս ունի հաջորդ շաբաթ բանակցել Իրանի հետ և ստորագրել համաձայնագիր: Իրանն ըստ ամենայնի պաշտպանական ոլորտում չին-ռուսական կողմերի հետ խորհրդակցոությամբ ու քննարկումներով ինքն էլ իր հերթին է պատրաստվում հնարավոր բանակցությանը, կամ՝ անգամ դրա մերժելուն, եթե կայացնի այդպիսի որոշում:
Ըստ էության, ծավալվում է դիրքավորում նոր իրավիճակում, առնվազն հոգեբանական առումով նոր իրավիճակում:
Բոլոր կողմերի համար պարզ է, որ Իրանի հարցը չի լուծվել: Բայց, այստեղ լոկ Իրանի հարց չէ, այստեղ եվրասիական ևԳլոբալ հարավի մեծ համակարգի հարցն է, որտեղ Իրանը բանալիներից մեկն է: Այդպես է եղել միշտ, այդպես է լինելու միշտ»