
Մոսկվան Երևանի հետ կապի մեջ է, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի հարցով. Պեսկով

Մոսկվան կապի մեջ է Երևանի հետ, այդ թվում՝ կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի հարցով: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք կապի մեջ ենք Հայաստանի գործընկերների հետ… Եվ քանի որ Կարապետյանը նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ապա համապատասխան շփումներն իրականացվում են», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Կարապետյանի գործով Մոսկվան արդյոք կապ ունի Երևանի հետ:
Անդրադառնալով Հայաստանում իրավապահների կողմից «հեղաշրջման փորձ» կանխելու մասին լուրերին՝ նա ասել է.
«Սա, անշուշտ, Հայաստանի ներքին գործն է։ Իհարկե, մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում պահպանվի օրենքն ու կարգը, և որպեսզի Հայաստանը լինի բարգավաճ, կայուն, Ռուսաստանին բարեկամ երկիր»։