Իրանը կորոշի ԱՄՆ-ի հարձակումներին պատասխանի «ժամանակը, բնույթը և մասշտաբը». Իրավանի

ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սայիդ Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին մեղադրել է այն բանում, որ նրան հաջողվել է ստիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կատարել Արևմուտքի «կեղտոտ աշխատանքը»՝ «Միացյալ Նահանգներին ներքաշելով ևս մեկ թանկարժեք և անհիմն պատերազմի մեջ»։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Իրավանին ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ անվանել է «միջազգային իրավունքի հստակ և կոպիտ խախտում» և նշել, որ Թեհրանը կորոշի ԱՄՆ-ի հարձակումներին պատասխանի «ժամանակը, բնույթը և մասշտաբը»։

Իրավանին ասել է, որ մինչ Իրանի արտգործնախարարն այս շաբաթ բանակցություններ էր վարում մի քանի եվրոպացի գործընկերների հետ, «Միացյալ Նահանգները որոշեց ոչնչացնել այդ դիվանագիտությունը»։

«Ի՞նչ եզրակացության կարելի է հանգել այս իրավիճակից։ Արևմտյան երկրների տեսանկյունից Իրանը պետք է «վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ»։ Սակայն, ինչպես նշել է Իրանի արտաքին գործերի նախարարը, ինչպե՞ս կարող է Իրանը վերադառնալ այն բանին, որից երբեք չի հեռացել», – ասել է Իրավանին։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել էր Իրանի խնդրանքով այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել իր երեք միջուկային օբյեկտներին։

Տեսանյութեր

Լրահոս