
Իրանը բողոք է ներկայացրել ԱՄՆ-ին՝ միջուկային օբյեկտներին հարվածելու առիթով. Tasnim

Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թեհրանում Շվեյցարիայի դեսպան Նադին Լոզանոյին, որը հանրապետությունում ներկայացնում է նաև ԱՄՆ շահերը, բողոքի նոտա է հանձնել՝ կապված իրանական միջուկային երեք օբյեկտների վրա ԱՄՆ ռազմական հարվածների հետ։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ հարձակումը ՄԱԿ-ի կանոնադրության և խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա հարձակումներն արգելող այլ փաստաթղթերի կոպիտ խախտում է։ Իրանի արտաքին գործերի նախարարության ամերիկյան դեպարտամենտի ղեկավար Իսա Քամելին Շվեյցարիայի դեսպանի հետ զրույցում ընդգծել է, որ Իրանն իրավունք ունի պաշտպանել իր տարածքը, ապահովել անվտանգությունը և ազգային շահերը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության։ Իր հերթին Լոզանոն ասել է, որ անմիջապես նոտան կհանձնի ամերիկյան կառավարության ներկայացուցիչներին։
Հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ զինված ուժերը հաջողությամբ գրոհել են Իրանի միջուկային երեք օբյեկտները՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։ Նա ասել էր, որ Թեհրանը պետք է համաձայնի դադարեցնել հակամարտությունը։ Իսրայելը հունիսի 13-ից ամեն օր հարվածներ է հասցնում Իրանին՝ Իրանի միջուկային ծրագրի դեմ ուղղված գործողության շրջանակներում։