
Սամվել Կարապետյանը տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արտակ Կարապետյանի նախագահությամբ, բավարարել է Սամվել Կարապետյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել՝ իբրև իշխանության զավթման կոչի վերաբերյալ, թեև Կարապետյանը հայտարարությամբ պարզապես պաշտպանում էր Հայ Առաքելական եկեղեցին՝ թիրախավորումից։ Մեղադրանքը ներկայացվել է՝ ընդամենը մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութի հիման վրա, մինչդեռ, պաշտպանության կողմը պնդում է, որ այն որևէ հանցակազմ ընդհանրապես չի պարունակում, մեղադրանքն ապօրինի է։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը հունիսի 17-ին հանդես է եկել ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու, ինչից հետո Կարապետյանին թիրախավորել է Նիկոլ Փաշինյանը, ինչին հաջորդել է ՔՊ-ականների ոհմակային հարձակումը, ՀԷՑ-ը ազգայնացնելու սպառնալիքները։ Այս հայտարարություններին զուգահեռ իրավապահներն են շտապել նրա տուն՝ բերման ենթարկելու։
Առաջին փորձը չի հաջողվել, Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ միայն կեսգիշերին է տեղափոխվել առանձնատնից։
Ի դեպ, իրավապահների գործողություններին զուգահեռ Նիկոլ Փաշինյանն անգամ չի թաքցրել, որ իր ուղիղ հրահանգով են հետապնդումներ իրականացրել Կարապետյանի նկատմամբ, ուստի, հետաքրքիր է, թե այս քաղաքական ցցուն հետապնդումների համատեքստում ինչպես են գործը քննող քննիչները, դատախազները, հնարավոր կալանք տվող դատավորը պնդելու, թե հետապնդումը բացառապես իրավական բնույթի է։
Հատկանշական է, որ այսօր առավոտյան պաշտոնից ազատվել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, որը, ըստ շրջանառվող լուրերի, հրաժարվել է իրականացնել «ասֆալտին փռելու» օպերացիա։