
Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին 10 միլիոն դրամով տուգանելու որոշում է կայացրել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել 10 միլիոն դրամով տուգանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները և էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնների խախտման համար։
ՀԾԿՀ նախագահի հրամանով ձևավորված աշխատանքային խումբը 2025 թվականի փետրվարի 3-14-ը մոնիթորինգ է իրականացրել ՀԷՑ-ի տարբեր մասնաճյուղերում։
«Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ՝ կապված հաշվիչների և դրանց արկղերի տեխնիկական վիճակի, հաշվառման ճշգրտության և սպառողների իրավունքների խախտման հետ։
Մասնավորապես՝ 2025 թվականի հունվարի 22-ի դրությամբ ինդուկցիոն (մեխանիկական, ոչ էլեկտրոնային) եռաֆազ առևտրային բոլոր հաշվիչները պետք է փոխարինված լինեին էլեկտրոնային (ավտոմատ գրանցմամբ) հաշվիչներով, որոնք ապահովում են նաև էլեկտրաէներգիայի ռեակտիվ բաղադրիչի հաշվառումը ( ԷԲՑ կանոնների 241-րդ կետ)։
Հաշվիչները 30 րոպեանոց միջակայքում պետք է գրանցեն լարման մակարդակը և հզորության գործակիցը (cos.), (ԷԲՑ կանոնների 247-րդ կետի 1-ին ենթակետ): Էլեկտրաէներգիայի նախորդող ամսվա ծախսը պետք է գրանցվի էլեկտրոնային հաշվիչի լուսատախտակի վրա արտածվող ցուցմունքով ավտոմատացված ռեժիմում (պետք է բացառվի տեսուչի կողմից ամսվա սկզբի և վերջի ցուցմունքների տարբերությամբ ծախսի հաշվարկումը), (ԷՄԱ կանոնների 75-րդ կետ):
Ընկերությունը ներկայացրել է իր պարզաբանումները՝ չհերքելով արձանագրված խախտումները։ Արդյունքում՝ Հանձնաժողովը տուգանել է ընկերությանը՝ 10 միլիոն դրամ գումարի չափով, որը պետք է փոխանցվի պետական բյուջե մեկամսյա ժամկետում։
Բացի այդ, Հանձնաժողովը պարտավորեցրել է ընկերությանը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը իր սպասարկման ամբողջ տարածքում վերացնել նմանատիպ բոլոր խախտումները, համապատասխան դեպքերում վճարել տույժ՝ սպառողների իրավունքների խախտման համար և մեկամսյա ժամկետում Հանձնաժողովին ներկայացնել տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ»,- նշված է ՀԾԿՀ-ի որոշման մեջ։