
Վաղուց Ադրբեջանը փորձում էր Սամվել Կարապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարել. ովքեր ներդրումներ են արել Արցախում, մշտապես հայտնվել են Ադրբեջանի սև ցուցակում. Աբրահամյան
Մեր հասարակությունը, ի հակառակ այն խոստումների, որոնք ստացել էր 2018 թվականին՝ Արցախի հարցով բանակցություններ և այլն, տեսել է, որ տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ այս իշխանությունը մեր հասարակության համար այնպիսի անկանխատեսելի քայլեր է արել, որ ցանկացած տեղեկություն մարդկանց համար դառնում է խիստ հավատալի ու վստահելի, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն խոսակցություններին, թե եկեղեցուն թիրախավորելով՝ իշխանությունը փորձում է հաճոյանալ Թուրքիային՝ հունիսի 20-ի այցից առաջ:
Նա շեշտեց՝ շատ վաղուց Ադրբեջանը փորձում էր Սամվել Կարապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարել և որոշակի ճնշումներ ապահովել նրա նկատմամբ.
«Ըստ նրանց, Սամվել Կարապետյանն Արցախում բավականին մեծ ներդրումներ է կատարել, ինչը, բնականաբար, իրականություն է: Բոլոր այն մարդիկ, ովքեր ներդրումներ են արել Արցախում, մշտապես հայտնվել են Ադրբեջանի սև ցուցակում և քարոզչական հարձակումների ներքո:
Իսկ Հայ Առաքելական եկեղեցու մասով հենց առաջին իսկ օրից սինխրոն գործել են․ նախ՝ դա արտահայտվել է Թուրքիայի կրոնական առաջնորդի հայտարարություններով, հետո դրան միացել են տարբեր քաղաքական գործիչներ»: