
Տրանսպորտում ուղետոմսի QR կոդով թղթային տարբերակը կհանվի

Երևանում ուղետոմսերի QR կոդերի թղթային տարբերակը, ամենայն հավանականությամբ, օգոստոսի 1-ից չի գործի։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ժամանակ հանձնարարեց զբաղվել այս հարցով։
«QR կոդերի թղթային տարբերակի վերացումը պետք է ապահովենք այս ամառվա ընթացքում»,- ասաց նա։
Ավինյանն ընդգծեց, որ թերհավաքագրման խնդիրներից մեկը դա է։
Նշենք, որ QR կոդերի և՛ թղթային տարբերակը, և՛ հավելվածով տարբերակը հաճախ չեն աշխատում տեխնիկական պատճառով։ Երբեմն էլ որոշ քաղաքացիներ ուղետոմսերի QR կոդերի թղթային տարբերակն օգտագործում են տարբեր տրանսպորտներից մի քանի անգամ օգտվելու համար` պատճառաբանելով, որ սարքը չի աշխատում։
Հիշեցնենք` հունվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտել միասնական տոմսային համակարգը, իսկ փետրվարի 1-ից նոր սակագներ են գործում։ Ներդրվել է նաև ուղետոմսի նոր սակագին` 150 դրամ, որը կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։