Անկարան դատապարտել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի տարածքում իրականացված ավիահարվածները: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: 

«Անկարան խստորեն դատապարտում է Իսրայելի կողմից Իրանի տարածքին հասցված ավիահարվածները»,-նշվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ Թել Ավիվի գործողությունները միջազգային իրավունքի բացահայտ խախտում են և սադրանք, որը ծառայում է Իսրայելի կողմից տարածաշրջանի ապակայունացման ռազմավարական քաղաքականության իրականացմանը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ հարձակումները տեղի են ունեցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ակտիվացմանը զուգահեռ: 

«Սա ցույց է տալիս, որ Նեթանյահուի կառավարությունը չի ցանկանում որևէ խնդիր լուծել դիվանագիտական ​​ճանապարհով և չի տատանվում վտանգել տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը՝ հանուն իր շահերի», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները, որոնք կարող են ավելի մեծ հակամարտություններ հրահրել։

«Մենք կրկին հայտարարում ենք, որ չենք ցանկանում տեսնել ավելի շատ արյունահեղություն և ավերածություններ Մերձավոր Արևելքում։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ պատերազմի սրումը կանխելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ 

Հունիսի 13-ի վաղ առավոտյան իսրայելական բանակը հարվածներ հասցրեց Իրանի մայրաքաղաք Թեհրանին, Թավրիզ, Լորեստան և Քերմանշահ քաղաքներին, ինչպես նաև Սպահանում տեղակայված Նաթանզ միջուկային օբյեկտին։

Հարձակումների հետևանքով զոհվել են բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, ինչպես նաև վեց միջուկային ոլորտի գիտնականներ։Հարվածները նաև քաղաքացիական զոհերի պատճառ է դարձել։ 

Տեսանյութեր

Լրահոս