
Մենք Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու խնդիր չունենք․ Փաշինյան

Հայաստանն իր առջև Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու խնդիր չի դնում։ Այսօր Պրահայում «GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում պանելային քննարկման ժամանակ այս հայտարարությունն է արել Նիկոլ Փաշինյանը։
«Այժմ մենք շատ սերտ համագործակցություն ունենք Եվրամիության հետ, բայց մյուս կողմից մենք Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու խնդիր չունենք, քանի որ մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է, և դա է մեր ռազմավարությունը»,- ասել է Փաշինյանը։
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը մտադիր չէ դադարեցնել ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում։
«Դուք գիտեք, որ մենք տարածաշրջանում բարդ իրավիճակ ունենք։ Դուք նշեցիք ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում։ Նշենք, որ Հայաստանում է նաև ԵՄ մոնիտորինգային առաքելությունը, որը հետևում է Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակին: Նախորդ տարի մենք նվազեցրել ենք ռուսական զորքերի ներկայության մակարդակը, բայց մյուս կողմից մենք հիմա խնդիր չունենք դադարեցնելու ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում»,- ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ այսօր Հայաստանն այլ խնդիր ունի՝ կարողանալ հաստատել կայուն և տևական խաղաղություն տարածաշրջանի երկրների հետ։ Նա հիշեցրել է, որ այս տարի հաջողվել է համաձայնության գալ խաղաղության համաձայնագրի տեքստի հարցում։ Փաշինյանի խոսքով՝ բանավոր համաձայնեցումը կա, հիմա կարևոր է ստորագրել համաձայնագիրը։