
Լավրովը և Ֆիդանը քննարկել են Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների նախապատրաստումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի նրա պաշտոնակից Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են Մոսկվայի և Կիևի միջև հունիսի 2-ին կայանալիք երկկողմ բանակցությունների նախապատրաստումը:
Այս մասին նշվում է ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական երկկողմ ուղիղ բանակցությունների հերթական փուլի նախապատրաստման կազմակերպչական ասպեկտները», – նշված է հաղորդագրության մեջ։
Վերջին երեք տարվա ընթացքում ռուս-ուկրաինական առաջին ուղիղ բանակցությունները տեղի են ունեցել կրկին Ստամբուլում՝ մայիսի 16-ին։
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան Հաքան Ֆիդանի հետ Կիևում կայացած մամուլի ասուլիսում հայտնել էր, որ Ստամբուլ պատվիրակություն ուղարկելուց առաջ Կիևը ցանկանում է ծանոթանալ խաղաղության շուրջ Ռուսաստանի առաջարկներին, որպեսզի հանդիպումը լինի բովանդակալից։