
Գորիսում տեղի կունենա Հայաստան–Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը

Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հունիսի 2-3-ը տեղի է ունենալու Հայաստան–Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ 5-րդ համաժողովի անցկացման վայր է ընտրվել Գորիս քաղաքը՝ հաշվի առնելով Սյունիքի ռազմավարական կարևորությունը, Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև ընդգրկուն և օրինակելի համագործակցությունը:
Համաժողովին մասնակցելու համար Ֆրանսիայից Հայաստան ժամանող հյուրերի թվում են քաղաքապետներ, մարզային պատվիրակություններ, խորհրդարանականներ, ներառյալ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբերի նախագահներ Լորան Վոքիեն և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը:
Հայկական կողմից մասնակցելու են ՀՀ ԱԳ, ՏԿԵ, էկոնոմիկայի, ԿԳՄՍ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, ինչպես նաև մարզային և քաղաքային այլ հյուրեր: