Ամենակարևորը մնաց ստվերում. Մետաքսե Հակոբյան

Ամենակարեւորը կրկին մնաց ստվերում․․․   Այս գիշեր Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Սյունիքի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ արձակված կրակոցները, որի հետևանքով վնասվել է բնակելի տուն և խոցվել է կենդանի, վկայում են Հայաստանի սահմանների շարունակական խոցելիության և անվտանգային համակարգի փաստացի բացակայության մասին։ Այս միջադեպը չպետք է դիտարկվի որպես սովորական սահմանային լարվածություն․ սա պետության տարածքային ամբողջականության, քաղաքացիների ֆիզիկական անվտանգության և ռազմաքաղաքական սուվերենության հերթական ոտնահարում է, իսկ ավելի կարճ՝ պատերազմ։ Այս մասին իր էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ հրապարակելով լուսանկարներ։

Նա, մասնավորապես գրել է․ «Այդուհանդերձ, այս ճակատագրական պահին, երբ պետությունը կանգնած է իր հարավային դարպասների պաշտպանման մարտահրավերի առաջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքը՝ հրապարակային ցինիզմը, քաղաքական անզորությունը և փողոցային հռետորաբանությունը, ոչ միայն անպատասխանատու են, այլև վտանգավոր։ Երբ երկրի ղեկավարի հրապարակային ելույթը շեղում է ուշադրությունը անվտանգային աղետի վրա կենտրոնանալու անհրաժեշտությունից և փոխարենը վերածվում է անձնական վիրավորանքների հարթակի, դա արդեն խոսում է պետական ապամոնտաժման քաղաքականության մասին։

Աշխարհագրական ճշգրտությամբ հարվածող կրակոցներին ի պատասխան՝ պետական լռություն, իսկ քաղաքական դաշտում՝ հռետորական կրակոցներ սեփական ժողովրդին։ Այս համադրությունը միայն մեկ բան է նշանակում՝ կառավարական մակարդակում տեղի է ունենում իրականության ժխտում, պատասխանատվության փախուստ և ժողովրդի պաշտպանված լինելու պահանջի խեղաթյուրում։

Հայաստանի Հանրապետության սահմանները չեն կարող պաշտպանվել վիրավորական մեմերով, իսկ հայերի անվտանգությունը չի ապահովվում «թասիբով տղու» կեցվածքներով։ 
…Համատարած լրջության, պետական մտածողության և ռազմավարական գործողությունների բացակայություն։
   Հ.Գ. Լռելը դավաճանություն է, իսկ խոսելը՝ պատասխանատվություն»։

Տեսանյութեր

Լրահոս