
ՀԱՄԱՍ-ը կմերժի Գազայում հրադադարի համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին առաջարկը. BBC

ՀԱՄԱՍ-ը կմերժի Գազայում հրադադարի և պատանդների ազատ արձակման նոր համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին առաջարկը։ Այս մասին BBC-ին հայտնել է ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի նշվում։ Սպիտակ տունը մայիսի 29-ին հայտարարել էր, որ Իսրայելը «հաստատել է» ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի ծրագիրը և սպասում է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական պատասխանին։
Իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին, հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ը երկու փուլով կվերադարձնի 10 ողջ մնացած պատանդներին և 18 մահացած պատանդների մարմինները՝ 60-օրյա հրադադարի և իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց։
ՀԱՄԱՍ-ի պաշտոնյան, սակայն, նշել է, որ առաջարկը չի բավարարում հիմնական պահանջները, այդ թվում՝ պատերազմի դադարեցումը։ Իսրայելի կառավարությունը մեկնաբանություն չի տվել, սակայն վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ըստ տեղեկությունների, մայիսի 29-ին պատանդների ընտանիքներին ասել է, որ ընդունում է Ուիթքոֆի ծրագիրը։
Al Jazeera-ի տեղեկացմամբ՝ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ ստացել է ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի առաջարկը և ուսումնասիրում է այն մեծ պատասխանատվությամբ։
Իսրայելը մարտի 18-ից ի վեր Գազայի նկատմամբ լիակատար շրջափակում էր սահմանել և վերսկսել ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական հարձակումը՝ խախտելով ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագիրը և փորձելով այդ կերպ ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա՝ ազատ արձակելու 58 իսրայելցի պատանդներին, որոնցից առնվազն 20-ը, ենթադրաբար, ողջ են։
Մայիսի 19-ին իսրայելական բանակը ընդլայնված հարձակում է սկսել՝ նպատակն ունենալով վերահսկողություն հաստատել ողջ Գազայի հատվածի նկատմամբ։ Օրեր առաջ Իսրայելը 11-շաբաթյա շրջափակումից հետո թույլատրել է սահմանափակ քանակությամբ մարդասիրական օգնության մուտքը պաղեստինյան անկլավ, սակայն ՄԱԿ-ի գնահատմամբ՝ դա բավարար չէ բնակչության կարիքների համար։