Համբարձման տոնի առթիվ Մայր Տաճարում մատուցվեց պատարագ

Մայիսի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Այս տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տերունի այս տոնը հռչակվել է նաև Սուրբ Էջմիածնի ուխտի օր:

Օրվա խորհրդի առիթով, Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը։

Սուրբ Պատարագի իր քարոզում Սրբազան Հայրը, անդրադառնալով տոնի խորհրդին, նշեց, որ Քրիստոս համբարձումից առաջ պատգամեց իր աշակերտներին անդադար քարոզել Աստծո խոսքը, տարածել իր ուսմունքը և դարձի բերել մոլորվածներին։

Պատարագիչ Սրբազանը խոսեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական հիշատակության մասին՝ փաստելով, որ ճիշտ էին արևելյան վարդապետները, երբ որոշում կայացրեցին Հայ Եկեղեցու հոգևոր կենտրոնը, Հայոց Կաթողիկոսության նստավայրը վերադարձնել դեպի իր աստվածօրհնյալ բնօրրանը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

«Սիրելի հավատացյալներ, Մայր Աթոռն այն ամուր հիմնաքարն է, որին, եթե հայ ժողովուրդը հավատարիմ մնա, ինչքան էլ հեռու լինի նրանից, ինչքան էլ տառապանքներ լինեն, միևնույնն է այս Աթոռից բխող լույսը հոգևոր ուժ պիտի տա մեր ազգի զավակներին դիմագրավելու ամեն տեսակ դժվարության, առաջ շարժվելու Տիրոջ հարության ու համբարձման խորհրդով՝ հավատալով, որ լույսը միշտ հաղթական պիտի լինի խավարի դեմ»,- ասաց Հայկազուն Սրբազանը՝ մաղթելով, որ վերանորոգյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակի լինել հայ ժողովրդի համար հոգևոր սնուցման աղբյուր և առաջնորդի հայորդիներին դեպի փրկության մինչև մեր տիրոջ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը։

Սուրբ Պատարագի ավարտից հետո, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև, հանդիսապետությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության, պայծառության ու շենացման համար։

Տեսանյութեր

Լրահոս