
Եթե հայկական կողմը համարժեք պատասխանի, էսկալացիա կսկսվի. Արմեն Խաչատրյան

Եթե հայկական կողմը համարժեք պատասխանի Ադրբեջանի գործողություններին, էսկալացիա կսկսվի, ու չգիտես, թե այն որտեղ կանգ կառնի։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը՝ խոսելով սահմանային վիճակի մասին։
Այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն տարածեց, որ այս գիշեր ադրբեջանական ԶՈւ կրակոցների հետևանքով Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում վնասվել է բնակելի տուն։
«Այնպես չէ, որ հայկական կողմն այդ հնարավորությունները չունի համարժեք գործողությունների դիմելու, բայց ՀՀ կառավարության դիրքորոշումն այն է, որ ամեն կերպ պետք է հասնել խաղաղության պայմանագրի, և էսկալացիոն գործողություններ չպետք է թույլ տրվեն»,- նշեց Խաչատրյանը։
Ըստ նրա՝ ՀՀ զինված ուժերը հավասարակշռված գործողություններ են իրականացնում, և ՀՀ-ից էսկալացիոն գործողություններ հնարավոր չէ սպասել։
ՔՊ-ական պատգամավորը վստահ է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո այլևս ադրբեջանական կողմից կրակոցներ չեն լինելու, որովհետև այդ ժամանակ երկուստեք «ոչ թե զորքերը, այլ սահմանապահ զորքերն են» սահմանապահ գործառույթ իրականացնելու։
Նրա կարծիքով՝ ադրբեջանական գործողությունների նպատակը սահմանային հատվածում անհանգստություն ստեղծելն է։ Գյուղացիներն անհանգստացած են, բայց խուճապ չկա։
Համաձայնում է՝ այն, որ ադրբեջանական գնդակոծությունից նաև տներ են վնասվում, նշանակում է՝ վտանգ կա։
Հիշեցնում է՝ նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց քննությունից պարզ կլինի նաև, թե արդյոք թիրախային են կրակել տների ուղղությամբ, թե պատահաբար է դիպել և այլն։