Անկարան նպաստում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Թուրքիան նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Նրա խոսքերը ներկայացրել է թուրքական Anadolu գործակալությունը։

«Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը երևում է հորիզոնում։ Մենք ուշադիր հետևում ենք այդ գործընթացին։ Նաև անհրաժեշտ ներդրում ենք կատարում և պատրաստ ենք դա անել նաև հետագայում: Խաղաղությունը արժեքավոր կլինի Ադրբեջանի, Հայաստանի և մեր երկրի համար»,- Թուրքիայի ղեկավարի խոսքը մեջբերել է գործակալությունը։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ նա նշել է, որ հարաբերությունների կարգավորման աստիճանական գործընթացը շարունակվում է

«Խաղաղությանը և հարաբերությունների կարգավորմանը հասնելուն պես մենք կտեսնենք, որ մեր երկրները կշահեն դրանից»,- ասել է Էրդողանը։

Նա հաև հայտարարել է, թե Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կաջակցի «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ այն քայլերին, որոնք «կնպաստեն տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը»։

Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության -խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։

Ապրիլի 2-ին Ալիևը հայտարարեց, թե որ պայմանների կատարման դեպքում կստորագրի խաղաղության համաձայնագիրը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն (Բաքուն պահանջում է Անկախության հռչակագրի դրույթները, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը, «հանել» Հայաստանի հիմնական օրենքից- խմբ.)։

Այս ամենին զուգահեռ հայկական կողմն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, և գնդակն ադրբեջանական դաշտում է։

Տեսանյութեր

Լրահոս