Բաժիններ՝

Բրիտանացի հայտնի աստղերը միացել են կառավարությանն ուղղված բաց նամակին՝ Գազային աջակցելու պահանջով

Ավելի քան 300 հայտնի բրիտանացիներ, այդ թվում՝ դերասան Բենեդիկտ Քամբերբեչը, դերասանուհի Նիկոլա Քոքլանը, երգչուհիներ Էնի Լենոքսը և Դուա Լիպան պահանջել են, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ամբողջությամբ դադարեցնի զենքի մատակարարումներն Իսրայելին և աջակցի պաղեստինցիներին:

Այս մասին հաղորդում է Sky News-ը, որի տրամադրության տակ է հայտնվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին ուղղված նամակի տեքստը:

Նամակը, որը ստորագրել են առաջատար բժիշկներ, գիտնականներ, արվեստագետներ, լրագրողներ, պատրաստել է բրիտանական Choose Love բարեգործական կազմակերպությունը, որն օգնում է փախստականներին:

Նամակում կառավարությունից պահանջվում է անհապաղ դադարեցնել Մեծ Բրիտանիայից Իսրայել զենքի բոլոր մատակարարումները, անհետաձգելիորեն հասնել Գազայի հատված հումանիտար կազմակերպությունների մուտքի թույլտվության, ստանձնել հրադադարի կնքմանն աջակցելու պարտավորությունը:

«Մենք կոչ ենք անում ձեզ անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի վերջ դրվի Մեծ Բրիտանիայի մեղսակցությանը Գազայում տեղի ունեցող սարսափներին», – ասվում է նամակում:

Դիմումի տակ իրենց ստորագրություններն են դրել նաև երգչուհի Փալոմա Ֆեյթը, Massive Attack և Primal Scream խմբերը, դերասաններ Ռիզ Ահմեդը, Լինա Հիդին, Թիլդա Սուինթոնը, Մաքսին Փիքը, Զոուի Էշթոնը, բրիտանացի ռեժիսոր Դենի Բոյլը, Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ներկայում սպորտային մեկնաբան Գարի Լինեքերը։

«Չի կարելի տեղի ունեցողն անվանել «անտանելի» և դրա հետ մեկտեղ ոչինչ չանել։ Ամբողջ աշխարհը հետևում է, և պատմությունը դա չի մոռանա։ Գազայի երեխաները չեն կարող մեկ րոպե ավելի սպասել», – ասվում է նամակում։

2024 թ. սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի կառավարությունը կասեցրել է ռազմական մի շարք ապրանքներ Իսրայել արտահանելու թույլտվությունը։ Իսկ այս ամիս Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել իսրայելցի յոթ ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ և հայտարարել, որ դադարեցրել է Իսրայելի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները՝ Գազայի հատվածում Իսրայելի բանակի նոր գործողության պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս