Բաժիններ՝

Մոսկվան դեռ չի ստացել Կիևի պատասխանը հունիսի 2-ին Ստամբուլում բանակցություններ անցկացնելու առաջարկին

Ռուսական կողմը դեռ չի ստացել Ուկրաինայի պատասխանը հունիսի 2-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու առաջարկին:

Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դուք գիտեք, որ մենք առաջարկել ենք երկուշաբթի օրը՝ հունիսի 2-ին, կրկին հանդիպել Ստամբուլում՝ երկրորդ փուլի համար, բայց որքան ինձ հայտնի է, մենք դեռ պատասխան չենք ստացել», – ասել է նա։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր հունիսի 2-ին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների երկրորդ ուղիղ հանդիպում անցկացնելու առաջարկության մասին։ Նրա խոսքով՝ այնտեղ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի գլխավորած պատվիրակությունը պատրաստ կլինի Ուկրաինայի պատվիրակությանը հանձնել հակամարտության կարգավորման պայմաններով իր հուշագիրը, որում շարադրված է Ռուսաստանի «դիրքորոշումը ճգնաժամի նախապատճառների հուսալի հաղթահարման բոլոր ասպեկտների վերաբերյալ»։

Պատվիրակությունների առաջին հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում, մայիսի 16-ին։ Այդ ժամանակ նրանք պայմանավորվել են «1000-ը՝ 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում իրականացնել և կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը ներկայացնող փաստաթղթեր պատրաստել կայուն կարգավորման հասնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս