
Հարավային Կորեայում պարեկային ինքնաթիռ է կործանվել

Հարավային Կորեայում Ռազմածովային ուժերի պարեկային ինքնաթիռը, որում գտնվում էր չորս մարդ, մայիսի 29-ին վթարի է ենթարկվել հարավ-արևելյան Պոհանգ քաղաքում գտնվող լեռան վրա։
Այս մասին հաղորդում է կորեական Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 13:50-ին, ականատեսները հայտնել են լեռան վրա ծուխ նկատելու մասին։
«P-3 ծովային պարեկային ինքնաթիռը, որը ժամը 13:43-ին Պոհանգի ավիաբազայից մարզումների էր մեկնել, անհայտ պատճառներով վթարի է ենթարկվել մոտակա վայրում», – նշվել է Ռազմածովային ուժերի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ռազմածովային ուժերը հաստատել են, որ ինքնաթիռում չորս մարդ է եղել։ Հետաքննություն է ընթանում՝ պարզելու լրացուցիչ մանրամասներ, այդ թվում՝ զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ։
Հրդեհը մարելու նպատակով դեպքի վայր են ուղարկվել հրշեջ խմբեր։