
ԱՄՆ-ն «ագրեսիվորեն կչեղարկի» չինացի ուսանողների վիզաները. Ռուբիո

Միացյալ Նահանգները «ագրեսիվորեն կչեղարկի» վիզաները չինացի ուսանողների համար, ինչպես նաև կխստացնի ապագա վիզայի դիմումների նկատմամբ վերահսկողությունը։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:«Նախագահ Թրամփի ղեկավարությամբ ԱՄՆ պետքարտուղարությունը կաշխատի Ներքին անվտանգության նախարարության հետ՝ ագրեսիվորեն չեղյալ հայտարարելու վիզաները չինացի ուսանողների համար, ներառյալ նրանց, ովքեր կապեր ունեն Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ կամ սովորում են կարևոր ոլորտներում», – նշված է Մարկո Ռուբիոյի անունից Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։
«Մենք նաև կվերանայենք վիզայի չափորոշիչները՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից և Հոնկոնգից բոլոր ապագա վիզայի դիմումների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու համար», – հավելել է Ռուբիոն:
CNN-ը նշում է, որ այս անակնկալ հայտարարությունը կարող է խաթարել լարվածությունը թուլացնելու ԱՄՆ-ի և Չինաստանի շարունակական ջանքերը, ինչպես նաև խորացնում է նախագահ Դոնալդ Թրամփի և երկրի բուհերի միջև առճակատումը:
Ռուբիոյի հայտարարությունից առաջ ԱՄՆ վարչակազմն ամերիկյան բուհերում օտարերկրացի ուսանողների ներգրավումը սահմանափակելու մի շարք քայլեր էր ձեռնարկել, այդ թվում՝ դեսպանատներին հրահանգել էր դադարեցնել նոր ուսանողական վիզաներ տալու գործընթացը, ինչպես նաև արգելել էր Հարվարդի համալսարանին օտարերկրյա ուսանողների ընդունել։