Իշխանությունը ցանկանում է վերահսկել կրիպտոակտիվների գործունեությունը, բայց դա բոլորին չէ, որ դուր է եկել

Հայաստանում կրիպտոարժույթների միասնական կանոնների ներդրման անհրաժեշտություն կա։ Այս մասին մայիսի 29-ին Ազգային ժողովի նիստում «Կրիպտոակտիվների մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ հայտնել է Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը։

Ավելի վաղ, նրա խոսքով՝ կարգավորումը սահմանափակվում էր միայն փոխարկողներին ներկայացվող պահանջներով։ Այժմ կանոնակարգերը կընդգրկեն կրիպտոբիզնեսի մասնակիցների ավելի լայն շրջանակ: Ընդ որում՝ նոր կարգը չի ազդի կրիպտոարժույթների տեխնոլոգիական կողմի վրա, այլ կենտրոնանալու է միայն ֆինանսական ասպեկտների վրա։

Կրիպտոակտիվների թողարկմամբ եւ առեւտրով զբաղվող ընկերություններից կպահանջվի բացահայտել սեփականատերերի մասին տեղեկատվությունը եւ համապատասխանել նվազագույն կապիտալի պահանջներին: Միաժամանակ կպարզեցվեն կրիպտոարժույթների թողարկման ընթացակարգերը, ինչը կօգնի խուսափել մի շարք ռիսկերից։

Կներդրվի նաեւ «ֆինանսական հիգիենայի» մեխանիզմ։ Ըստ էության, խոսքը կրիպտոարժույթով աշխատող ընկերությունների հիմնադիրների, ինչպես նաեւ կապիտալի աղբյուրների նկատմամբ վերահսկողության մասին է։ Ըստ ԿԲ-ի՝ դա էապես կնվազեցնի փողերի լվացման հետ կապված ռիսկերը։

Այնուամենայնիվ, ոչ բոլոր խորհրդարանականներն էին գոհ նոր փոփոխություններից։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտնել է, որ իրեն են դիմել կրիպտոակտիվների ոլորտում զբաղվող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։ Վերջիններս, մասնավորապես, իրենց մտահոգություններն են հայտնել պատգամավորին։

Թորոսյանը կոչ է արել կառավարությանը լինել ներառական ոլորտին վերաբերող եւ նմանատիպ օրենքներ ընդունելիս։ Նրա կարծիքով՝ նման օրինագծեր մշակելիս անհրաժեշտ է ներգրավել համապատասխան մասնագետների՝ միաժամանակ կապ պահպանելով որոշակի ոլորտում ներգրավված ընկերությունների հետ։ Պատգամավորը կարծում է, որ իրենք նույնպես պետք է հնարավորություն ունենան մասնակցել օրինագծերի մշակմանը։

Սակայն կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխությունները, վերջնարդյունքում, ստացել են խորհրդարանի հավանությունը։

Տեսանյութեր

Լրահոս