
Դավիթ Սանասարյանն արդարացվեց ու ճանաչվեց անպարտ
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն արդարացվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, հրապարակեց Դավիթ Սանասարյանի գործով վճիռը՝ արդարացնելով նրան առաջադրված մեղադրանքում՝ հանցակազմի բացակայության հիմքով։
«Դավիթ Սանասարյանին ճանաչել անմեղ և արդարացնել»,- վճիռը կարդալուց ասաց Բալայանը, որից հետո դահլիճում գտնվողները ծափահարեցին՝ բղավելով «բրավո»։
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ) 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: