Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է լրացում և փոփոխություն կատարել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում։ Նշվում է, որ վերջին տարիներին Հայաստանում մեծ տարածում են գտել էլեկտրական շարժիչ ունեցող տրանսպորտային միջոցները, որոնք չունեն բանվորական ծավալով շարժիչ, և «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի գործող խմբագրության պայմաններում միանշանակ չէ դրանց նկատմամբ պարտադիր ապահովագրության պահանջի տարածումը: 2010 թվականին ընդունված օրենքի 25-րդ հոդվածում սպառիչ թվարկված են այն տրանսպորտային միջոցները, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը ենթակա չէ պարտադիր ապահովագրման: Նշված բացառությունների սահմանման ընթացքում, ամենայն հավանականությամբ, որպես հիմք է ընդունվել այն սկզբունքը, որ պարտադիր ապահովագրման ենթակա է այն տրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունը, որոնք, օրենսդրության համաձայն, ենթակա են գրանցման ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական մարմնում:

2010 թվականից ի վեր ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական մարմնում գրանցվող տրանսպորտային միջոցների չափանիշները պարբերաբար վերանայվել են: Վերանայված որոշման ցանկով սահմանվել է, որ գրանցման ենթակա են նաև այնպիսի տրանսպորտային միջոցներ, ինչպիսիք են մոպեդները, տրիցիկլները, էլեկտրական շարժիչ ունեցող տրանսպորտային միջոցները և այլն: Սա նկատի ունենալով՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել օրենքում:

Նախագծով առաջարկվում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում որպես ավտոտրանսպորտային միջոց սահմանել նաև մոպեդները, ինչպես նաև օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի խմբագրման արդյունքում մոպեդները ևս դարձնել պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել մոպեդների պարտադիր ապահովագրման գործընթացը:

Տեսանյութեր

Լրահոս