
Լավրովը հայտարարել է, որ Թրամփը հետաքրքրված է ռուս-ուկրաինական բանակցությունների շարունակմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված է ռուս-ուկրաինական բանակցությունների շարունակմամբ։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի իր պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ Մոսկվայում բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
«Նախագահ Թրամփն արդեն հայտարարել է, որ դա իր պատերազմը չէ։ Նա շահագրգռված է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակվեն։ Սա, ընդհանուր առմամբ, նրանց համատեղ նախաձեռնությունն էր նախագահ (Վլադիմիր) Պուտինի հետ», – ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
Լավրովն ասել է, որ տեսնում է Մոսկվայի և Կիևի միջև նորացված բանակցային գործընթացը խաթարելու Բրյուսելի փորձերը։ «Ես ոչ թե ենթադրում եմ Բրյուսելի փորձերը՝ խաթարելու նորացված բանակցային գործընթացը, այլ տեսնում եմ այդ փորձերը: Ինչպես և դա տեսնում է ցանկացած օբյեկտիվ դիտորդ», – ասել է Լավրովը:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականի գարնանից ի վեր առաջին բանակցությունները կայացել են մայիսի 16-ին Ստամբուլում։