
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ղրղզական խորհրդարանի նախագահ (Ժոգորկու Քենեշի տորագա) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան և ընդգծել երկու երկրների ու ժողովուրդների միջև առկա ամուր հարաբերությունների փաստը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է հիմնվել դրանց վրա և էլ ավելի զարգացնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում: Երկրի ղեկավարը կարևորել է փոխգործակցության հետագա զարգացումը նաև միջխորհրդարանական ձևաչափով, ինչը ևս նոր ազդակ կհաղորդի քաղաքական երկխոսությանը: Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուն շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և վարչապետին փոխանցել Ղրղզստանի նախագահի ջերմ ողջույնները:
Ղրղզստանի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանի խորհրդարանականների հետ ձևավորել են սերտ փոխգործակցություն և իր այցի նպատակն է նոր ազդակ հաղորդել երկկողմ կապերին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ղրղզստանի միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությանը, երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող թեմաներ, ինչպես նաև՝ տարածաշրջանային նշանակության այլ հարցեր: