
Թուրքիայի ԱԳ նախարարը կմեկնի Ռուսաստան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մայիսի 26-27-ը աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է TRT Global-ը։
Այցի ընթացքում նախատեսվում է Ֆիդանի ընդունելությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։
Նշվում է, որ բանակցությունների հիմնական թեման կլինի Թուրքիայի դերակատարումը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում։ Թուրքիան մտադիր է վերահաստատել իր պատրաստակամությունը՝ կազմակերպելու նոր բանակցություններ Կիևի և Մոսկվայի միջև, ինչպես դա արվել էր 2022 թվականին, վերջին անգամ՝ 2025 թվականի մայիսի 16-ին՝ Ստամբուլում։
Այցի շրջանակում Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև Ռուսաստանի նախագահի տեղակալ Վլադիմիր Մեդինսկու և պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ։ Մեդինսկին գլխավորում էր Ռուսաստանի պատվիրակությունը ռուս-ուկրաինական վերջին բանակցություններում։
Կողմերը կքննարկեն Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ որպես տարածաշրջանային առանցքային դերակատարներ։ Քննարկման թեմաներից են լինելու առևտրային, էներգետիկ և զբոսաշրջային ոլորտներում համագործակցության ներկայիս վիճակը և դրա հնարավոր ընդլայնման ուղիները։
Ֆիդանի և ռուս գործընկերների բանակցությունների օրակարգում ընդգրկված են նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրներ, ներառյալ՝ իրավիճակը Սիրիայում, Գազայի հատվածում, ինչպես նաև՝ Հարավային Կովկասում։