
Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար հանվում է դեպի Հայաստան մուտքի վիզայի պահանջը
Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների, ինչպես նաև մի շարք երկրներում կացության կարգավիճակ ունեցողների համար հանվում է Հայաստան մուտքի արտոնագրերի պահանջը: Նախագիծը հավանություն ստացավ ՀՀ կառավարության մայիսի 22–ի նիստում: Այսպիսով, վերացվում է մուտքի արտոնագրերերի անհրաժեշտությունը Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության տարածքում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների համար:
«Այս փոփոխությունը հիմնավորվում է տնտեսական նկատառումներով: Ակնհայտ է, որ այս փոփոխությամբ մենք կհեշտացնենք և՛ մարդկանց այցելությունը մեր երկիր, և՛ մեր քաղաքացիների հետ շփումը, նաև կմեծացնենք ներդրումային գրավչությունը»,–ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդգծեց, որ այս նախագծով ակնկալում են զբոսաշրջային հոսքերի էական ավելացում: Նրա խոսքով՝ գործարար միջավայրը ևս ողջունում է այս փոփոխությունը: Նախարարը հույս հայտնեց, որ այս որոշմանը կհաջորդի ուղիղ չվերթների ավելացման հնարավորությունը: