
Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա. Մարկո Ռուբիո

Ամերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանին փոխանցել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը՝ շեշտելով, որ երկու երկրների միջև հնարավոր բախումը կդիտարկվի ապակառուցողական։
Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության անդամ Ջիմ Կոստայի՝ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցման կոչին։
Պատասխանելով հարցին, թե ո՞րն է այդ հարցում Հանրապետական կուսակցության ունեցած դիրքորոշումը՝ Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ գործող վարչակարգը դեռևս որոշում չունի այդ հարցի շուրջ, քանի որ ներկայում Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա։
«Այժմ մենք կենտրոնացած ենք Հայաստանի և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության հասցնելու վրա, ինչն Ադրբեջանին զերծ կպահի հարևան Հայաստան ներխուժելուց։ Մենք կցանկանայինք կանխել դա։ Նախագահ Դոնալդ Թրամփը հանձնառու է կանխել պատերազմները, և մենք երկու երկրների, հատկապես Ադրբեջանի հետ շփումներում փորձել ենք ընդգծել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը և պատերազմի մեջ չներքաշվելը հսկայական օգուտներ կբերի»,-ընդգծել է Մարկո Ռուբիոն։
ԱՄՆ պետքարտուղարը նաև շեշտել է, որ Վաշինգտոնի կարծիքով՝ կողմերի միջև նման բախումը կլինի ավերիչ և ապակառուցողական։
«Նրանց միջև պատերազմը վերջին բանն է, որը հիմա մենք կցանկանայինք»,-նշել է Մարկո Ռուբիոն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նույն նիստի ընթացքում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, և Վաշինգտոնը փորձում է կանխել այն։