
Պուտինն այցելել է Կուրսկի մարզ՝ ուկրաինական ուժերի դեմ գործողության ավարտից հետո առաջին անգամ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 20-ին այցելել է Կուրսկի մարզ և հանդիպել կամավորական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին մայիսի 21-ին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։
ՌԴ նախագահը նաև հանդիպում է ունեցել Կուրսկի մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնի հետ, իսկ Կուրչատով քաղաքում խորհրդակցություն է անցկացրել մունիցիպալիտետների ղեկավարների հետ։
Պուտինը նաև այցելել է Կուրսկի ԱԷԿ-2, որը գտնվում է կառուցման փուլում։
ՏԱՍՍ-ը գրում է, որ Ուկրաինայի զինված ուժերից Կուրսկի մարզի լիակատար ազատագրումից հետո սա Պուտինի առաջին այցն է տարածաշրջան։
ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Վլադիմիր Պուտինին ուկրաինական ուժերի դեմ գործողության ավարտի մասին զեկուցել էր ապրիլի 26-ին։
Մինչ այդ Պուտինը Կուրսկ էր այցելել մարտին։ Ուկրաինական ուժերը ՌԴ Կուրսկի մարզ էին ներխուժել 2024 թ. օգոստոսի 6-ին։