
ԱՄՆ-ի հետախուզական տվյալները վկայում են, որ Իսրայելը պատրաստվում է հարված հասցնել Իրանին. CNN

ԱՄՆ-ն նոր հետախուզական տվյալներ է ստացել, որոնք վկայում են այն մասին, որ Իսրայելը պատրաստվում է հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին՝ չնայած նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է համաձայնության հասնել Թեհրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով հետախուզական տվյալներից տեղյակ մի շարք ամերիկացի պաշտոնյաների։
«Վերջին ամիսներին Իսրայելի կողմից իրանական միջուկային օբյեկտին հարվածելու հավանականությունը զգալիորեն մեծացել է», – հայտարարել է հեռուստաալիքի զրուցակիցներից մեկը։
Նրա խոսքով, «ամերիկա-իրանական համաձայնագրի կնքման հեռանկարը, որի շուրջ պայմանավորվել է Թրամփը, և որը չի հանգեցնի իրանական ամբողջ ուրանի վերացման, մեծացնում է հարված հասցնելու հավանականությունը»։
Բազմաթիվ աղբյուրներ նշել են, որ հնարավոր հարվածի վերաբերյալ մտահոգությունների առիթ են դարձել ոչ միայն իսրայելական բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային և մասնավոր հաղորդագրությունները, այլև գաղտնալսված իսրայելական հաղորդակցությունները և իսրայելական ռազմական տեղաշարժերի դիտարկումները, որոնք կարող են հուշել մոտալուտ հարվածի մասին:
Միևնույն ժամանակ պաշտոնատար անձինք հայտնել են, որ դեռևս պարզ չէ, թե արդյոք Իսրայելի առաջնորդները վերջնական որոշում ընդունել են հնարավոր հարվածի վերաբերյալ։
Դա կախված է նաև նրանից, թե Իսրայելն ինչ կմտածի Թեհրանի հետ Վաշինգտոնի բանակցությունների մասին։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը CNN-ին նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն ակտիվացնում է հետախուզական տվյալների հավաքումը, որպեսզի պատրաստ լինի օգնություն ցուցաբերել, եթե Իսրայելի առաջնորդները որոշեն հարված հասցնել:
Իր հերթին հեռուստաալիքի մեկ այլ զրուցակից նշել է, որ ԱՄՆ-ն հազիվ թե օգնի Իսրայելին ներկա պահին հարված հասցնել իրանական միջուկային օբյեկտներին, եթե Թեհրանը որևէ խոշոր սադրանք չձեռնարկի։
Միևնույն ժամանակ աղբյուրները նշել են, որ Իսրայելն առանց ամերիկյան օգնության ի վիճակի չէ ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը։Իսկ իսրայելական աղբյուրը CNN-ին ասել է, որ Իսրայելը պատրաստ կլինի ինքնուրույն ռազմական գործողությունների, եթե ԱՄՆ-ն «վատ գործարք» կնքի Իրանի հետ, որն Իսրայելը չի ընդունի։
Մայիսի 11-ին Օմանում տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները։