
Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը և երկկողմ հարաբերությունները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԱՄԷ արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ ալ-Նահյանն Աբու Դաբիում քննարկել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցեր։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Նրանք նաև ընդգծել են երկու երկրների միջև ավելի մեծ համագործակցության և համակարգման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդման նպատակով։
Արաղչին խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից պաղեստինցիների շարունակական սպանությունները և Գազայում ու Արևմտյան ափին տեղահանումները։
Նա նաև դատապարտել է Իսրայելի հարձակումները Լիբանանի, Սիրիայի և Եմենի վրա՝ անընդունելի անվանելով իսրայելական «զավթողական քաղաքականությունը և միջազգային իրավունքի շարունակական խախտումները» և ընդգծելով դրանց դեմ գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Իրանի և Միացյալ Նահանգների միջև ընթացող անուղղակի բանակցություններին։ Արաղչին էմիրաթցի գործընկերոջն է ներկայացրել բանակցությունների հետ կապված վերջին զարգացումները։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային նշել էր, որ երկրի ԱԳ նախարարի այցն ԱՄԷ տեղի կունենա հարևան երկրների հետ շարունակվող խորհրդակցությունների շրջանակներում։