
Իսրայելը և Թուրքիան Ադրբեջանում բանակցություններ կանցկացնեն Սիրիայի հարցով

Թուրքիան և Իսրայելը մայիսի 8-ին Բաքվում կանցկացնեն Սիրիայում լարվածության նվազեցման և բախումների կանխարգելման վերաբերյալ բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Syria TV-ն։
Իսրայելի հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը հայտարարել է, Ադրբեջանի միջնորդությամբ բանակցությունները նպատակ ունեն մեղմել լարվածությունը և կանխել Իսրայելի ու Թուրքիայի միջև բախումը Սիրիայում։
Բանակցությունների ընթացքում Իսրայելը կներկայացնի երկու հիմնական պահանջ՝ առաջին՝ ապահովել, որ Սիրիայի հետ սահմանի մոտ իր անվտանգությանը սպառնացող որևէ ռազմական ուժ չլինի, և երկրորդ՝ հաստատել, որ Սիրիան չի ունենա ռազմավարական զենքեր, որոնք կարող են անմիջական սպառնալիք ներկայացնել Իսրայելի ազգային անվտանգության համար։
Ավելի վաղ՝ ապրիլի 10-ին, Բաքվում տեղի էր ունեցել Սիրիայում լարվածությունը նվազեցնելու և բախումները կանխելու նպատակով Թուրքիայի և Իսրայելի միջև բանակցությունների առաջին փուլը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ հաստատվել էր, որ երկու երկրների բարձր մակարդակի պատվիրակությունների միջև տեղի է ունեցել «անվտանգային-քաղաքական» հարցերին առնչվող հանդիպում՝ Սիրիայում թուրքական ռազմական ներկայության շուրջ լարվածության սրման ֆոնին տարածաշրջանային տարաձայնությունները քննարկելու համար։
The Times of Israel-ը, վկայակոչելով իսրայելցի պաշտոնյայի, հայտնել էր, որ Իսրայելը «լավատեսորեն է տրամադրված» Սիրիայում Թուրքիայի հետ լարվածության թուլացման շուրջ բանակցությունների հարցում։
Պաշտոնյան հավելել էր, որ Իսրայելը «նույնիսկ պատրաստ է Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում սահմանափակ ռազմական բազա պահպանելու հնարավորությանը»։