Հայաստանի սահմանային անցակետերում ու հյուրանոցներում ևս կարգելվի շահումով խաղերի, խաղատների գովազդը

Հայաստանի սահմանային անցման կետերում ու հյուրանոցային տնտեսության օբյեկտներում ևս նախատեսվում է արգելել շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան, վիճակախաղի գովազդի տեղադրումը:

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը:Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է խաղային գովազդների տեղակայման սահմանափակման անհրաժեշտությունից:

«Նախագծով նախատեսվում է արգելք սահմանել ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտներում շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ վիճակախաղի գովազդի տեղադրման համար»,–ասաց Ղահրամանյանը:

Այս պահի դրությամբ շահումով խաղերի, խաղատների գովազդը թուլատրվում է Հայաստանի սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում:

Պատգամավորը նկատել է՝ վերջին ժամանակներում սահմանային անցակետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապտասխան հյուրանոցներում գովազդային վահանակների վրա տարբեր խաղային բիզնեսների, խաղատների, շահումով խաղերի հեռարձակվող գովազդի նկատելի ու գերակշող աճ է դիտվում:

«Ստացվում է մի իրավիճակ, որ զբոսաշրջիկը կամ Հայաստան այցելող այլ անձինք մուտք են գործում Հայաստան և կամ օդանավակայանում, կամ սահմանային անցման կետերում ստանում բացասական ազդակներ՝ ձևավորելով Հայաստանի և հայկական զբոսաշրջային միջավայրի մասին ոչ ճշգրիտ տեղեկություն, ինչն ամրապնդվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտում»,-նկատեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ այս կարգավորումից հետո գովազդը հնարավոր կլինի իրականացնել միայն խաղային ոլորտի կազմակերպիչների պաշտոնական կայքերում ու գրասենյակներում:

Տեսանյութեր

Լրահոս